Մեր զրուցակիցն է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԱՉԱՆՅԱՆԸ:
-Պարոն Մաչանյան, խնդրում եմ ներկայացրեք Ձեր պատկերացումները հայկական մեկենասության մասին։ Մի ազգաշահ երևույթի, որը մեր իրականությունում գրեթե մոռացված է։
-Մեկենասությունն ինձ համար և՛ հոգու կանչ է, և՛ սրտի ու մտքի թելադրանք։ Արվեստի մարդը, այս դեպքում` նկարիչը, Աստծո կողմից օժտված է ստեղծագործական շնորհով, և եթե մեզ նման շնորհ տրված չէ, ապա պիտի փորձենք ինչ-որ ձևով սատարել մեր ազգային նկարագիրն ամբողջացնող մշակույթի զարգացմանը։ Սատարենք արվեստի մարդուն։
Դարերի ընթացքում, հաճախ պետականության կորստի ժամանակ, միշտ էլ գտնվել են ունևոր մարդիկ, որոնք սատարել են հայկական մշակույթին և արվեստին։ Այստեղ ամենաօրինակելին մեր մեծ հայրենակից, գործարար, բարեգործ և մեկենաս Ալեքսանդր Մանթաշյանցն է։ Ի դեպ, վերջերս հրատարակվեց Մանթաշյանցին նվիրված «Կովկասի արքան» գրքի հայերեն թարգմանությունը`«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հովանվորությամբ։ Նման գրքերը մեր ժամանակի մարդկանց երկու բան են սովորեցնում. նախ, որ գործունեությունից ստացված հասույթի մի մասը կիսեն մյուսների (նաև մշակույթի և արվեստի ոլորտների ներկայացուցիչների) հետ, և երկրորդ` կատարեն պարտքը երկրի հանդեպ, զգան ազգային արմատները։
Մշակույթի հովանավորության մեջ առանձնանում է կերպարվեստը։ Մեր կերպարվեստը բավականին հարուստ է, և սա ասում եմ` այն համեմատելով տարբեր երկրների հետ, հաճախ եմ այցելել տարբեր թանգարաններ և պատկերասրահներ ու համեմատել տեսածս մեր կերպարվեստի հետ։ Անկեղծ ասած, այդ համեմատությունները ոգևորում են, քանի որ հայ կերպարվեստը յուրօրինակ է, այն աշխարհում եղել է, կա և կլինի մրցունակ։
-Ձեր առանձնասենյակում կերպարվեստի հետաքրքիր գործեր եմ տեսնում։ Ներկայացրեք խնդրում եմ Ձեր գեղագիտական նախընտրությունները։
-Ես կերպարվեստի առանձնապես լուրջ գիտակ չեմ և չեմ էլ հավակնում նման կոչման։ Բայց յուրաքանչյուրս ունենք մեր ներքին ճաշակն ու նախասիրությունը։ Ի մասնավորի, ես վառ գույների սիրահար եմ, որը հայ կերպարվեստում ընդունված է սարյանական կամ Մինասի գունաշխարհ անվանել։
Շատ եմ հավանում Սարգիս Համալբաշյանի գործերը։ Մի օր նրա նկարն էի փակցրել մեր տան պատին, հնգամյա թոռնիկս` Արեգը, նայեց ու բացականչեց. «Վայ, պապ, էս ինչ լավ նկար ես բերել տուն»։ Նկարը զարմանալի ջերմություն է հաղորդում միջավայրին, ավելի տրամադրող է դարձնում գործնական առօրյան։ Մի խոսքով, մեր կենսակերպում կերպարվեստը պետք է ներկա լինի։ Գեղանկարից բացի սիրում եմ կերամիկական իրեր։ Գյումրիում կերամիկական իրերի արհեստանոց ունի մեր բանկի իտալացի հաճախորդ և իմ լավ բարեկամ Անտոնիո Մոնտալտոն, երբ այցելում եմ նրան, գեղագիտական բավականություն եմ ստանում։ Տեսեք. նա իր նախաձեռնությամբ կենտրոնն է ստեղծել, Դուք այլ գործ եք նախաձեռնել հայ ժամանակակից նկարիչների մասնակցությամբ, որը հուսանք, որ շարունակություն կունենա։
-Ձեր հովանավորությամբ վերջերս կայացավ յոթ նկարչի և երկու արվեստաբանի ուղևորությունը դեպի Բջնի, ուր նրանք նկարեցին լեռնաշխարհի տարբեր անկյունները։ Ձեր վերաբերմունքը նման կարևոր (հատկապես ոգու սովի մեր օրերում) միջոցառումների նկատմամբ։
-Մեր բանկի նոր մասնաշենքում կներկայացնենք «Բջնիի լեռնաշխարհ-2020» խորագրի ներքո կայացած պլեների աշխատանքները։ Կարծում եմ, որ բանկի այցելուների համար դրանք հիշարժան կլինեն, և գործնական նշանակություն կունենան, ոմանք կցանկանան այդ հեղինակների այլ ստեղծագործություններ ձեռք բերել, կապ հաստատել նրանց հետ։
Առհասարակ սիրում եմ նկարներ գնել և նվիրել մերձավորներիս։ Նախընտրում եմ հայ նկարիչների գործերը և զարմանում եմ, երբ ոմանք տեղի տաղանդին անտեսելով` ձեռք են բերում օտարազգի նկարիչների ստեղծագործությունները բազմապատիկ ավելի գնով։
Երբ Ջերմուկում էի հանգստանում, տեղի պատկերասրահի մոտ տեսա մոտ հարյուր դոլարով բնանկարներ վաճառող նկարիչների։ Գնեցի աչք շոյած գործերն ու նվիրեցի թոռնիկներիս։
-Դուք հաճախ եք շրջագայում, և որքան տեղյակ եմ Ձեր զբոսաշրջային հետաքրքրությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի կերպարվեստը։ Ինչպե՞ս են քաղաքակիրթ երկրներում հյուրերին ներկայացնում սեփական մշակույթն ու արվեստը։
-Թել Ավիվից ոչ հեռու գտնվող քաղաքում հետաքրքիր լուծում էին գտել. հին Յաֆայի մի հատված պետությունը վերականգնել էր, երկու փողոց դարձրել զբոսավայր, փողոցների երկու կողմերի հնաբույր և ոճական տները տրամադրել արվեստագետներին։ Այնտեղ աշխատում են նկարիչներ, դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչներ, և վաճառում են իրենց մշակութային արտադրանքը։ Առանձնատները երկհարկանի են. վերևի հարկում արվեստագետները բնակվում էին, առաջին հարկում` աշխատում։
Պետությունն անվճար էր հատկացրել այդ տուն-արվեստանոցները, թույլ էր տվել ստեղծագործողներին, որ ժառանգությամբ փոխանցեն այդ յուրօրինակ տները իրենց զավակներին, եթե միայն վերջիններս շարունակում են իրենց գործը։ Մի՞թե Երևանում, Գյումրիում, Գորիսում և մեր մյուս քաղաքներում հնարավոր չէ կազմակերպել նման բաներ։ Ավելացնեմ, որ Իսրայել այցելող զբոսաշրջիկների բոլոր ճանապարհներն անցնում էին Հայֆայի այդ հատվածով։ Սա մեր իրականությունում կարող է մի փոքր երազանքային հնչել, բայց չէ՞ որ յուրաքանչյուր իրականություն սկսվում է երազանքից։ Գյումրին կարծես հենց նման մշակութա-գործարարական միջավայր ձևավորելու համար է հիմնադրվել, հնամենի շենքերը կան, տաղանդավոր ստեղծագործական գենը` նույնպես։
Իսկ Էջմիածին քաղաքը մի՞թե ինքնին չի թելադրում նման երազանք ունենալ և այն իրականացնել։
Պորտուգալիայի Օբիդուշ քաղաքի սպասարկող բոլոր վայրերում, սրճարաններում, վաճառատներում և այլուր միջնադարի կամարակապ սրահներում միջնադարյան, ասենք 15-րդ դարի հանդերձանքով աշխատակիցներ են ծառայություն մատուցում։ Սա, իհարկե, բավականին գայթակղիչ է զբոսաշրջիկների համար։ Ստեղծարար նման նախաձեռնությունները լիովին հնարավոր է կիրառել մեր երկրում, ուր առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները` հնագույն պատմություն, ինքնատիպ մշակույթ և ստեղծագործական մեծ ներուժ։
Զրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ